Հրանտ Խաչատրյան.«Հայաստանի Անկախության Հռչակագրի Երեսնամյա Տարեդարձը պետք է նշվի պետականորեն»

Օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության հիմնաքարը հանդիսացող «ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» պատմական փաստաթղթի հռչակման 30-ամյա տարեդարձը։

 

Մեծ գոհունակությամբ արձանագրում եմ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպում այդ ՕՐԸ հավուր պատշաճի նշելու համար։ Տոնին նվիրված հոդվածներ ու հաղորդումներ են պատրաստում նաև լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ որևէ տեղեկություն չունեմ մեր ժողովրդի համար շրջադարձային այդ օրը պետականորեն նշելու մասին։ Տա Աստված, որ ես սխալվում եմ ու օրվա իշխանությունները հաճելի անակնկալ են պատրաստում մեզ համար։ Բայց մի շատ կարևոր բան մեր կյանքում կպակասի, եթե հանկարծ ներկայիս իշխանություններն իրենց առօրյա հոգսերի մեջ, իրենց նախորդների նման, լռության մատնեն, կամ անտեսեն այդ շրջադարձային, դարերի համար կազմված, Հայաստանի ինքնիշխանության  հաստատման ուղեցույցը։

Մեկ անգամ ևս խորամուխ ընթերցե՛ք Անկախության Հռչակագիրն ու համոզվեք, որ այն պատմական է ոչ միայն այն իմաստով, որ պարբերաբար պատմության փոշին վրայից մաքրենք ու պարծենանք նախորդ դարավերջի համաշխարհային վերափոխումների ծիրում մեր կատարած սխրանքներով, այլ հենց այն՝ որ նրանում արձանագրված դրույթները նախ և առաջ արտահայտել են ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՎ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ միասնական կամքն ու պատասխանատվությունը, ու միաժամանակ ուղենշել են ԵՐԿՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ քայլ առ քայլ կերտելու կարևորագույն քայլերը։

 

Պարզունակ է մտածելը, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ դափնիները պատկանում են միայն մեկ սերնդի ու հռչակված ուղենիշներից շեղումների հետևանքների պատասխանատուն կարող են լինել միայն մի խումբ անբարեպաշտ ու անբարեխիղճ մարդիկ։

Անկախ հանգամանքներից շատ մանրուքներ մոռացվելու են, բայց դարեր շարունակ քաղաքական ու պետական հրապարակային գործիչների վարքագիծը ԱԶԳՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ գնահատելու են ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՈՎ։

Եթե կան գործիչներ, ովքեր Հռչակագրի որոշ դրույթներ հնացած, կամ արդիականությունը կորցրած են համարում, ապա նրանք պարտավոր են հրապարակորեն վերլուծել իրենց թարմ գաղափարները ու հանդես գալ նույնչափ հակիրճ, ամփոփ,  պատմականորեն արդար ու ինքնաբավ, թերևս ավելի արդիական փաստաթղթով ու այն արժանացնել նույնպիսի համաժողովրդական հավանության։

Իսկ մինչ այդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՊԵՏՔ Է ՆՇՎԻ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ։

Հրանտ Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի 2020 թ․