Արամ Փախչանյան.«Եթե մենք հիմա բոլորս կտրուկ նվազեցնենք սոցիալական հպումների քանակը, մնանք տանը եւ առանց կարիքի դուրս չգանք, ապա ընդհանուր հիվանդների քանակը չի գերազանցի մի քանի հարյուրի»

Եթե մենք պաշտոնապես ունենք հայտնաբերված տասից պակաս դեպք, ապա, ելնելով այլ երկրներում վիրուսի տարածման ընթացքի վիճակագրությունից, դա նշանակում է, որ իրական դեպքերի քանակը հարյուրի մոտ է։ Շատ չէ, եւ վախենալ, որ հենց այս պահին դուք հիվանդ եք, չարժի։ Պետք է ուղղակի դառնալ զգուշավոր, որպեսզի չհիվանդանաք եւ չտարածեք։ Եթե մենք հիմա բոլորս կտրուկ նվազեցնենք սոցիալական հպումների քանակը, մնանք տանը եւ առանց կարիքի դուրս չգանք, ապա ընդհանուր հիվանդների քանակը չի գերազանցի մի քանի հարյուրի, ինչին մեր առողջապահական համակարգը կկարողանա դիմակայել։ Եթե հիվանդների քանակը գերազանցի 1000-ը, իրավիճակը կդառնա անկառավարելի։ Մի քանի մոտակա օրերի գիտակցությունից կախված կլինի մեզանից շատերի կյանքը եւ երկրի տնտեսական կայունությունը։ 

 

Ես առավել խոսքս հղում եմ երիտասարդներին, որոնք կարող են շարունակել անլուրջ ընկալել իրավիճակը։ Ձեզ մեծ վտանգ չի սպառնում հիվանդանալու պարագայում, չնայած որ դուք էլ ամբողջապես ապահովագրված չեք։ Սակայն տուն բերած հիվանդությունը կարող է մահացու վտանգ դառնալ ձեր ծնողների համար եւ դուք անզոր կլինեք իրենց օգնելու։ Գիտակցեք դա։

 

Հեղինակ. Արամ Փախչանյան