Արմեն Այվազյան. “Հարկավոր է մշակել «Երևանյան կոնվենցիայի» նախագիծը՝ ազգային և միջազգային փորձի հիման վրա:”

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Նախորդ գրառմանս մեջ գրել էի, մասնավորապես, այն մասին, որ «Եթե Հայաստանի Հանրապետությունը կայացած լիներ որպես ազգային պետություն, ապա ի հակադրություն ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ եղկելի անունը կրող կոնվենցիայի, ՀՀ Ազգային ժողովը կմշակեր և կըռնդուներ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ, որում վերամշակված ու արդիականացված տեսքով իրենց արտացոլումը կգտնեին հայկական քաղաքակրթության՝ ընտանիքի, երեխաների, կանանց և մայրության պաշտպանության համար դարեր ի վեր կիրառված եզակի արյդունավետ մեխանիզմները»։

 

Իսկ ինչպե՞ս առհասարակ կարելի է հասնել «ԸՆՏԱՆԻՔԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» ընդունմանը։ 

Կա երկու հնարավոր ճանապարհ։ 

ԱՌԱՋԻՆ. լավագույն և ամենաբնական ճանապարհը կլիներ այն, եթե «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» մշակման համար քաղաքական ամենաբարձր մակարդակով ստեղծվեր պետական հանձնաժողով՝ ՀՀ Արդարադատության նախարարի գլխավորությամբ, այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվեին հանրապետությունում գործող պատմության, ազգագրության, իրավագիտության, սոցիոլոգիայի և հոգեբանության պետական ինստիտուտների ու ամբիոնների ղեկավարները, Հայոց առաքելական եկեղեցու լիազորված ներկայացուցիչները, ինչպես նաև առաջատար մի շարք մասնագետներ, որոնց կհանձնարարվեր՝ օգտագործելով առկա մտավոր ողջ ներուժը, որոշակի ժամկետում մշակել ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ նախագիծը՝ ազգային և միջազգային փորձի հիման վրա։ Այնուհետև այդ նախագիծը կմտցվեր Ազգային ժողով, կանցներ համապատասխան հանձնաժողովների միջով, կհղկվեր, կուղարկվեր նաև միջազգային փորձաքննության, ապա կդրվեր քվեարկության։ Ցավոք, այսպիսի քայլեր ընդունակ է անել միայն ազգային իշխանությունը, բայց ոչ երբեք 1991 թվականից ի վեր ՀՀ քաղաքական ղեկին բազմած խամաճիկ առաջին դեմքերից ու քաղաքական կուսակցություններից որևէ մեկը։ Ուստի այս ճանապարհն առայժմ իրական համարել չի կարելի։

ԵՐԿՐՈՐԴ, ավելի բարդ ու երկար, բայց փոքր-ինչ առավել իրատեսական ճանապարհն այն կլիներ, եթե «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» մշակումը ստանձնեին արտախորհրդարանական այն ուժերը, որոնք այսօր վճռականորեն մերժում են ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ չարաբաստիկ այդ փաստաթուղթը։ Դա նշանակում է, որ նրանք պետք է փորձեն ստեղծել հիմնականում հասարակական հիմունքներով աշխատող համապատասխան հանձնաժողով՝ ներգրավելով նրա մեջ բարձր որակավորում ունեցող հայ իրավագետների, պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, հոգեբանների, հոգևորականների և այլ մասնագետների։ Սա երկարատև աշխատանք կպահանջի ու, այնուամենայնիվ, որոշակի ֆինանսական ռեսուրսներ։ Բայց գործը կարելի է գոնե սկսել, իսկ այնուհետև հետևողականորեն առաջ գնալ՝ անկախ նրանից, թե քանի տարի, որքան ջանք ու եռանդ կպահանջվեն մինչև ՀՀ ԱԺ-ն պաշտոնապես կընդունի «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ»։

ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ։ ՀԵՏԵՎԱԲԱՐ, ԱՅՍ ԿՌԻՎԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ։ 

Հ. Գ. Առաջարկվող հանձնաժողովի աշխատանքային ուղղություններից մեկը գոնե պարզ է։ Հայկական քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումներից մեկը եղել է ազգային նահապետական ընտանիքը, որը հազարամյակների միջով եկել-հասել էր ընդհուպ մինչև XX դարի սկզբները։ Բնականաբար, այսօր իմաստ չունի այն նույն տեսքով վերակենդանացնել՝ ժամանակներն են այլ, սակայն կարող ենք վերհանել ու վերլուծել այդ ընտանիքի բացառիկ ամրությունն ու համերաշխությունն ապահովող բազմազան գործոնները՝ դրանք հնարավորինս արդիականացնելու և ներկա սոցիալական, տնտեսական ու սոցիալ-հոգեբանական պայմաններին համապատասխանեցնելու նպատակով։

ՀԳԳ. Ի դեպ, ահա թե նաև որտեղ պետք կգային հայության առանց այն էլ սուղ ռեսուրսներից քամվող այն գումարները, որոնք մսխվելու են, օրինակ, Ռուբեն Վարդանյան—Նուբար Աֆեյան տանդեմի՝ օտարածին ծրագրերի համար աղմուկ-աղաղակով իրականացվող դրամահավաքի միջոցով։

Հեղինակ. Արմեն Այվազյան