Էդուարդ Աբրահամյան.Թե ինչու է անհրաժեշտ ու կենսականորեն էական, որ Արցախը լինի Հայաստան պետության մաս։

ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում և Արցախում վաղ թե ուշ պետք է որոշեն՝ կա՛մ Կովկասում լինելու է մեկ հայկական փոքր տերություն (small power), կա՛մ երկու միկրո-պետություն (micro-state)։ Այլ կերպ ասած՝ կա՛մ մեկ ուժեղ պետություն-գործոն, կա՛մ երկու ակնհայտորեն թույլ, առավել խոցելի, ոչ ազդեցիկ պետականություններ։ 

Միջազգային ակադեմիական-էքսպերտային դիսկուրսում գոյություն ունի պետությունների արտաքին քաղաքականության և ներուժի դասակարգման հետազոտություն։ Դրանցից առավել դինամիկ հետազոտությանն են արժանանում մեծ տերությունների (Major/Great Powers) և փոքր պետությունների (Small States) արտաքին քաղաքական ինքնատիպության դրսևորումները։ Փոքր տերությունների (Small Powers)  ներուժի պրոեկտավորման դինամիկան, նրանց դասակարգման մեթոդաբանությունն ու արտաքին քաղաքական ռազմավարության տարբերակվողականությունը ի համեմատ այլ դասակարգային տիպի երկրների ավելի քիչ ուշադրության է արժանանում՝ ելներով վերջիններիս աշխարհում քանակապես ավելի քիչ լինելու և մեծ տերությունների գլոբալ աշխարհակարգային դրսևորման ֆոնին որոշ չափով քիչ տեսանելիության հետևանքով (Տես՝ Kassimeris, 2009)։ 
Ընդհանուր առմամբ, նման դասակարգման մեթոդաբանությունը թույլ է տալիս առաջատար երկրների մասնագետներին իրենց տեսություններում և գլոբալ/ռեգիոնալ քաղաքականության ծրագրավորողներին դասակարգային բնութագիր տալ այս կամ այն պետության ներուժի, արտաքին քաղաքական ռազմավարության, տվյալ պետության քաղաքական էլիտայի ինքնության և ամբիցիաների, առաջնահերթությունների և հավաքական տեսլականի վերաբերայալ։ 
Մեր տարածաշրջանում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստակը դասվում են որպես փոքր տերություններ (Small Powers)՝ ելնելով իրենց արտաքին քաղաքական յուրահատկությունից, տարածաշրջանի անվտանգային միջավայրի պերմանենտ լարվածության աստիճանից և երկրների տարածաշրջանում ռազմա-քաղաքական ճարտարապետություն թելադրելու այս երկրների տարբերակվող ներուժից (առավել մանրամասն, տես՝ Rothstein, 1968; Handel, 1990)։ Հետևաբար, Հայաստանին ու Ադրբեջանին ճիշտ է դասակարգել որպես Small Powers ելնելով նաև այն հանգամանքից, որ երկու երկրները գտնվում են ռազմա-քաղաքական մրցակցության մեջ, իրենց կարող են թույլ տալ նման բնույթի առճակատում և ընդհանրապես, պետությունների արտաքին քաղաքական տրամաբանությունը, ազգային, հասարակական և քաղաքական էլիտաների հավաքական աշխաչհայացքները տեղավորվում են Փոքր Տերության իրեն դրսևորման պարադիգմայի մեջ։ 
Այստեղ Արցախը երբեք չի դիտարկվում որպես առանձին սուբյեկտ, քանի որ այն այդպիսին դիտարկելու դեպքում վերջինս որպես անկախ միավոր իր տարածաշրջանային ազդեցության, անվտանգային միջավայր ձևավորելու և ազդեցություն պռոեկտելու որևէ հնարավորություն չի ունենում և ակնհայտ խոցելի է համարվում լայն համալիր ոլորտներում։ Հետևաբար՝ այն կատեգորիզացվում է որպես micro-state։ Վերջինս միջազգային ասպարեզում ուժային համախաղի «ամենախեղճ», ենթարկվող և իրենից ըստ էության ոչինչ չներկայացնող, քաղաքական ամբիցիաներից զուրկ պետական կազմավորումն է, որը որպես կանոն ռազմա-քաղաքական կցորդ է դառնում հարևան՝ դասակարմամբ ավելի հզոր պետությանը (այդ թվում նաև իրեն որպես փոքր տերություն դրսևորողի) (Տես՝ Alford, 1984)։ 
Առանց Արցախի, Հայաստանը նույնպես դառնում է micro-state քանի որ նեոռեալիզմի տեսության տեսանկյունից՝ Հայաստանը միայն Արցախով է ունենում լայն տարածաշրջանի վրա անվտանգային միջավայր պրոեկտելու կամ օրակարգ թելադրելու հնարավորություն, եթե առկա է նման ռազմա-քաղաքական ռազմավարություն։ Բացի այդ, ՀՀ–ն միայն Արցախով՝ որպես իր օրգանական մասով է ունակ իրականացնել աշխարհաքաղաքական ուժային հավասարակշռություն տարածաշրջանային գերակայության հավակնություն ունեցող և հառնող միջին տերության (raising middle power) կարգավիճակի ձգտող Ադրբեջանի նկատմամբ  (Տես՝ Jordaan, 2003)։ 
Ուստի՝ մենք պետք է որոշենք՝ կա՛մ մնում ենք խաղի մեջ, խելքի ենք գալիս և ձևավորում ենք մեր մեկ ուժեղ փոքր տերության օրակարգն ու տեսլականը, կա՛մ դուրս ենք գալիս քաղաքական պատմության թատերաբեմից՝ առանձին հանրապետությունների օտարածին կեղծ օրակարգը վերջնականապես ի կատար ածելով։ 
Այսպիսով, Արցախում կան՝ ռազմի դաշտում միանշանակ անգնահատելի ավանդ ունեցած մարդիկ և գործիչներ, որոնք սակայն ակնհայտ աշխարհաքաղաքական և քաղաքագիտական թույլ կամ թյուր գիտելիքներ ունեն և օբյեկտիվորեն, ինչքան էլ հմուտ են ռազմական գորխում՝ զուրկ են գիտելիքահեն աշխարհայացքային խորաթափանցություն և ռազմավարական իմաստություն ունենալուց։ 
Հայրենիքը՝ քաղաքական կատեգորիա չէ, պետականությունն է քաղաքական կատեգորիա՝ առավել ևս միջազգային հարաբերություններում։ Պետությունն ունենում է պետական շահեր, երկու պետություն՝ նշանակում է երկու տարբեր պետական շահ, երկու տարբեր ինքնություն եթե ոչ այսօր, ապա հաստավ վաղը, ու դրանց տարբեվածությունն ու նույնիսկ հակադրումը ավելի մեծ խաղացողների, շահագրգիռ ուժերի պարագայում ուղղակի աքսիոմատիկ է։
Ունենալ երկու աձանձին պետություն՝ նշանակում է առնվազն կիսել երկու մասի միացյալ Հայաստանի նյութական, քաղաքական և մտավոր ներուժը ավելի մեծ խաղացողներով շրջապատված տարածաշրջանում։ Այս ռազմավարությունը չի կարող հայակական միջավայրում ծնված լինել մի պարզ պատճառով․ այն միասնական ազգը պառակտող (տես՝ Մակեդոնիա-Բուլղարիա, Ռումինիա-Մոլդովա, Հունաստան-Կիպրոս, Կոսովո-Ալբանիա և այլն), կամ միասնական ռազմա-քաղաքական գործոնը կործանման տանող ծրագիր է։ Ավելի հեշտ է հաղթել կամ ենթարկեցնել երկու micro-stateի, նմանապես՝ ավելի դժվար է հաշվի նստել մեկ միասնական, ըստ այդմ, հավակնոտ փոքր տերության հետ։ 
Այս պահին՝ այսպիսի մի խիստ համառոտ էքսկուրս։ Առավել մանրամասը՝ թեզիս մեջ, որը նաև որպես գիտական մենագրություն լույս կտեսնի մոտ ապագայում։ Ավելորդ չեմ համարում նշել, որ այս թեմայի շուրջ ես պատրաստ եմ բանավիճել պետությունների քաղաքագիտական դասակարգման ոլորտում մասնագիտացած յուրաքանչյուր գիտնականի կամ մասնագետի հետ։

 

Հեղինակ. Էդուարդ Աբրահամյան