Արմեն Այվազյան.ՈՉ ԹԵ «ՈՉՄԻԹԻԶՀՈՂԱԿԱՆ», ԱՅԼ՝ «ՀԱՍՆԵՆՔԿՈՒՐԱԿԱՆ»

Խնդիրն այլևս այն չէ, որ որևէ մեկը մեզ կհամոզի հոժարակամ հող հանձնել թշնամուն՝ ինչ-ինչ թղթերի, ժամանակավոր կարգավիճակների ու անվստահելի երաշխիքների դիմաց։ Այժմ պարզից էլ պարզ է, որ, եթե անգամ Թրամփը, Մակրոնը, Պուտինն ու Սի Ցզինպինը՝ Մինսկի խմբի համանախագահների ձեռքից բռնած, վաղը Երևան ժամանեն ու մեզ ասեն՝ «Հայե՛ր, բա հիմա էս ձեր հողերը Ադրբեջանին չէ՞ք տալիս», հայ ժողովուրդը (հին ու նոր մանկլավիկներին չհաշված) սրանց միահամուռ կպատասխանի. «Ա՛յ մարդ, ասինք չէ՝ չէ՛, էլի, НЕТ»! 
Խոշոր հաշվով, մեզ «ֆռռացնելու» իրենց շանսը Մինսկի խմբի հարգարժան համանախագահները վերջնականապես կորցրել են ավելի վաղ՝ 2006-2007 թթ., երբ հայության քաղաքականապես ամենահասուն հատվածը՝ տարիներ ի վեր աշխատելով, հասցրեց բացատրել ավելի լայն զանգվածներին ազատագրված տարածքի կենսական արժեքն ու նշանակությունը։

 
Սակայն դրանից հետո տասնամյա  լրացուցիչ աշխատանք պահանջվեց ու ևս մեկ (Ապրիլյան) պատերազմ, որպեսզի հայության առաջադեմ ու արդեն բավականին ստվար մի շերտ ինքը գա այն եզրակացության, որ «Ադրբեջանի հաջորդ հավանական հարձակումը ետ մղելու հայկական ռազմավարությունն ստիպված նախատեսելու է հայոց զինուժի վերահսկման տակ գտնվող գոտու ընդլայնում, այն է՝ ներկայիս Ադրբեջանի սեղմում մինչև աշխարհագրական այնպիսի սահմանները, որոնք կստիպեն նրան դադարեցնել իր հարձակումը և երկար ժամանակով (ցանկալի է՝ ընդմիշտ) հրաժարվել այն վերսկսելու մտքից անգամ։ Հայրենիքի օկուպացված 12,000 կմ2-ի ազատագրումը կասեցրեց ադրբեջանական հարձակումն առնվազն 16 տարով (իրականում՝ 22 տարով՝ մինչև 2016 թ. ապրիլ – Ա.Ա.) ։ Բայց, շատ հնարավոր է, որ խաղաղության այդ ամենագործուն՝ տարածքային երաշխիքի ժամկետը լրանում է և, Հայաստանի անվտանգությունն առնվազն 50 կամ ավելի տարով ապահովագրելու համար, շուտով պահանջվելու է այն ոչ միայն վերահաստատել, այլև բազմապատկել այնքանով, որքանով դա հնարավոր կլինի, ընդհուպ մինչև ցեղասպանական ծրագրեր ունեցող նախահարձակ պետության ոչնչացումը...  Հայաստանի անվտանգության հարցը՝ նույն ինքը Հայկական հարցը, կարող է դարձյալ պարտադրել մեզ՝ ազատագրելու բնիկ հայկական տարածքի մի մասը, որն ընկած է հայկական և ադրբեջանական բանակների շփման գծից դեպի խորը արևելք՝ ընդհուպ մինչև Կուր գետ ու Կասպից ծով» (չակերտներում դրված տեքստը քաղել եմ տակավին 2010 թ. հրապարակված իմ մի հոդվածից՝ http://www.ardarutyun.org/?p=3580)։

Հայ ժողովրդի ռազմավարական գիտակցության մեջ այս բեկումը գրեթե տեղի է ունեցել։ Մնացել է միայն գործն ավարտին հասցնել՝ մեր ազգային մտայնությունում ու հոգեկերտվածքում կարծրացած ինքնապաշտպանական-պաշտպանողական դիրքորոշումները պետք է վերջնականապես փոխարինենք որակապես ավելի բարձր ու արդյունավետ պաշտպանողական-հարձակողական դիրքորոշումներով, ազատվենք մտավոր ու հոգեբանական կարծրատիպերից ու պատրաստ լինենք ծանրագույն փորձությունների։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կա՛մ առհասարակ խուսափել պատերազմից  (որ, այսուամենայնիվ, նախընտրելի է), կա՛մ՝ վճռական (հակա)հարձակման անցնելով, ջախջախել թշնամուն՝ ազատագրելով հայրենիքի նոր բեկորներ ու պարգևելով հայ ազգին երկարատև խաղաղության ու աննախադեպ զարգացման մի նոր դարաշրջան։ 

Ըստ այսմ, վերանայման ու բարեփոխման կարիք ունի նաև (ֆիդայական հին երգի բառերով ասած) «դուշմանի մեզ տված անունը»՝ «ոչմիթիզհողական»։ Անբարեհունչ այս եզրույթը կարելի է հնացած համարել։ Իսկ հայության մեծամասնությանը շուտով ճիշտ կլինի կոչել «հասնենքկուրական» նոր եզրույթով (նկատի ունենալով Կուր գետին հասնելու և նրա աջափնյակն ամբողջությամբ ազատագրելու մեր հեռահար ռազմավարական նպատակը)։

Հեղինակ. Արմեն Այվազյան