Սամվել Մելիքսեթյան.Մենք իջեցրել ենք սեփական ազգայինը գյուղական հակամարտության մակարդակի

Ինչքան ուզում եմ դադարել գրել էս թեմայով, արձագանքներին նայելով` չի ստացվում: Գիտեք ինչ, եթե նույնիսկ Ռուբեն Հախվերդյանի ասածը 100 տոկոսով ճիշտ լիներ, դա անընդունելի ա, քանի որ հայկական ազգայինը իջեցնում ա ցեղային մակարդակի: Եթե մենք նայենք մեր տարածաշրջանին,վրացական ազգը բաղկացած է մի քանի տարբեր էթնոսներից, ազգերից այն ավանդական հասկացությամբ, որ մենք ունենք՝ սվանները, մեգրելները՝ դրանք տարբեր ազգեր են, որոնք ունեն սեփական լեզուն, մշակույթը, նույնիսկ սվանների պարագայում՝ սեփական ու վրացականից խիստ տարբերվող ավանդական կրոնը կամ դրա մնացորդները: Բայց քաղաքական առումով իրենք բոլորը, նաև մահմեդական աջարները,վրացիներ են, պայքարել են նույն պետության համար ու մասնակցում են նույն գործին: Վրացական մշակույթը հպարտանում է ոչ միայն քարթուլի կամ իմերուլի պարերով այլ սվանուրի ու նույնիսկ օսուրի՝ սվանական, օսական և այլն: Իրենք աբխազներին ու օսերին էլի «իրենցն» են համարում նույնիսկ հակամարտությունից հետո, թեև լրիվ այլ ծագում ունեցող ազգերի մասին է խոսքը, տարբերվող լեզվական ընտանիքներից ու որոնք, ցանկություն նույնիսկ չունեն վրացի համարվել:

 

Բայց վրացիները դրան չեն նայում, նրանց «դռները բաց են», եթե կարելի է այդպես ասել: Եթե վերցնենք ադրբեջանցիներին, ապա ադրբեջանական ազգայնականության հիմքում կանգնած են բազմաքանակ ոչ թյուրքական ծագում ունեցող մարդիկ, ադրբեջանական պետության հայրերից մեկը ծագումով թաթ Ռասուլզադեն է, էլ չասենք լեզգիների, թալիշների, քրդերի (Ալիևների ընտանիքը) ու նույնիսկ հայերի մասին՝ Մելիք-Եգանյանների մահմեդականացած ճյուղի ներկայացուցիչները՝ Մելիք-Եգանովները ու Մելիք-Ասլանովները կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի կայացման մեջ: Այդ ազգերը պատկանում են տարբեր լեզվական ընտանիքներին, խիստ տարբերվում են ծագումով, արտաքինով, մշակույթով, կենցաղով, նրանց մի մասը սուննի է, Ադրբեջանի մի քանի շրջանների՝ Շաքի, Վարդաշեն, Գաբալա, մասնակի Արեշ և հարակից տարածքներ, Նախիջևանում Ապրակունիսի ձորը, Գողթանի մի մասը, այրումների մի մասը, Հայաստանի նախկին ադրբեջանցիները մի մասը մահմեդականացած հայերի ու ուտիների հետնորդներ են: Նրանք բոլորը ադրբեջանական ազգի մասն են ու եթե նայեք քանի ազգային հերոս ունեն նույն Գետաբեկից, Շաքիից, Գաբալայից և այլն՝ կզարմանաք: Նախիջևանում Ջուղայի խաչքարների ոչնչացողների մեջ հաստատ տասնյակ ,եթե ոչ ավել մարդ հայկական արմատներ ուներ: Ապրակունիս, Շոռոթ, Քռնա,Ջաղրի և այլն՝ բոլոր այդ գյուղերում, որոնց հայկական եկեղեցիները ոչնչացվել են, բնակչության մի զգալի մասը նախկինում կաթոլիկ հայերի հետնորդներն են: Եթե նայենք թուրքերին՝ ապա ով ասես ներդրում չի ունեցել թուրքական ազգի ու հզոր պետության կայացման մեջ ,այդ թվում ՝մահմեդականացած հայերը:

 

Չերքեզները, վրացիները, լազերը, ալբանացիները, բուլղարները, հույները, արաբները, քրդերը, թաթարները, թարաքամաները և այլն՝ դրանք բոլորը նույնիսկ շարունակելով խոսել սեփական լեզուներով իրենց քաղաքականապես թուրք են համարել ու ահռելի ներդրում ունեն ներկա Թուրքիայի հզորության մեջ: Նույնիսկ ցեղասպանությունից հետո հայերի մի մասը շարունակում է համատեղել հայկական ինքնությունը թուրքական ազգայնականության հետ: Եթե դուք նայեք ով է թուրքական երաժշտական մշակույթը գովազդել նույն Արևմուտքում (հատկապես ուդի ու սազի վրա կատարողները), ասենք ԱՄՆ-ում, հիմնականում դրանք հայկական ծագում ունեցող կատարողներն են, որոնք արդեն չէին ապրում Թուրքիայում, բայց շարունակում էին այդ մշակութի տարածումը: Նույն հայազգի Դարոն Աջեմօղլուն մշտապես հետաքրքրվում ու գրում է Թուրքիայի մասին, Արա Գյլուերը, Դինքը և այլն նաև թուրքական հայրենասեր էին:

 

Եթե դուք նայում եք թուրքական սերիալներ, իսկ հայերը դա անում են, թեև չեն խոստովանում՝ ապա գրեթե բոլոր գեղեցկադեմ դերասանուհիները չերքեզական ծագում ունեն.հատուկ ընտրում են ,որ ավելի եվրոպական թվան: Ու ոչ մի բարդույթ թուրքերը չունեն, ամեն տեղից լավը վերցնում են ու իրանցը դարձնում ու դա իսկապես իրանցն ա դառնում: Մշկութային ազդեցությունները միայն հարստացնում են ցանկացած մշակույթ, ավելի բարդ դարձնում ու հենց այդ հանգամանքի մեջ է նաև հայկական մշակույթի լավագույն ձեռքբերումների գաղտնիքը: Եթե նայենք Իրանին՝ ապա դա բազմաէթնիկ պետություն է, որտեղ ապրում են ահռելի տարբերություն ունեցող ազգեր ու ցեղեր: Ու ոչ մի բարդույթ, իրանական մշակույթը ժամանակի ընթացքում ձուլել է տասնյակ օտար ալիքներ ու նույնիսկ նախկինում ռազմական էլիտա կազմող թյուրքական տարրը դարձրել է հպատակ ու մասնակիորեն իրանականացրել:

 

Այսինքն փոքր խումբ ավելի է հզորացել իրանականացնելով ու ձուլելով այլ խմբերի, միայն շահելով դրանից, միայն ավելի շատ տարածք ու բնակչություն ունենալով, ավելի հզոր պետություն դառնալով: Նույնը Ռուսաստանը: Բոլոր դեպքերում, եթե դուք հարցնեք փոքրամասնություններին, իրենք բոլորը իշխող ազգի մասին հիմնականում բացասական կարծիք ունեն, եթե Ռուսաստանում ռուսների մասին հարցնես ինչ-որ փոքր ազգի ներկայացուցչի, կարող է ոչ հաճելի բաներ ասել՝ բայց պետությունն իրենն է համարում ու պատրաստ է պայքարել ընդհանուր նպատակաների համար: Ու հետո նայում ենք հայերին: Հայերը բոլոր ազգագրական տարբերություններով մի ազգ են, այդ տարբերությունները առաջացել են մեկուսացման ու միասնական պետականության անհետացման արդյունքում, ոչ թե նոր խմբերի ձուլմամբ կամ ընդգրկելով: Արդյունքում հայկական ազգայնականությունը ու քաղաքական հայեցակարգը միաէթնիկ է, ու ազգի տակ հասկանում է միատարր էթնիկ մշակույթ, ոչ թե ընդհանուր քաղաքական հայեցակարգ:

 

Արդյունքում հայկական ազգայինը աղանդավորի մակարդակի է հասել, ռուսերեն ասած՝ птица мелкого полета, մենք պարփակվել ենք ամենանեղ, տեղական սահմաններով, մենք էլ ոչ թափ ունենք, ոչ ցանկություն ընդունելու նորը, մենք հիմարի նման մեր մեջ ուրիշների ենք փնտրում ու դա վատը համարում, թեև մենք պետք է շահագրգռված լինենք ուրիշների ներգրավումով ու հայկական ինքնությունը ազգային պետք է այնքան հզոր լինի, գրավիչ, որ ցանկացած ավանդական տարբերություն վտանգ չընկալվի, որ բարբառով խոսելը, նույնիսկ տեղական հայրենասիրության փաստից վայնասուն չսկսվի, թե բա ո՞նց ա կարելի, մենք բոլորս հայ ենք, իսկական հայկականը սա է, ոչ թե ձերը կամ նրանցը: Մենք պարանոյիկ ենք դարձել ու իջեցրել սեփական ազգայինը գյուղական հակամարտության մակարդակակի՝ էս ձորը էն ձորի դեմ, ապէէ մշեցի չկա, էրևանցի չկա, ղարաբաղցի չկա, եսիմ ով չկա, ոնց-որ մշեցի լինելը կամ ղարաբաղցի լինելը կամ հպարտանալը դրանով հակասում է հայ լինելուն: Որովհետև մենք ուզում ենք մեկը մյուսին ենթարկել, ոչ թե միասնականը ստեղծել բոլոր բազմազանությամբ ու այլն  ավելի բարձր հարթակի վրա: Ու այդ պատճառով է, որ մեզ համար նույնիսկ ուտիներն են ուրիշ կամ համշենցի մահմեդականները, թերև նրանք կիսում են մեզ հետ ընդհանուր պատմություն կամ ծագում:

 

Դրա համար երբ ժամանակին խոսակցություն էր գնում 1500 համշենցի Հայաստան բնակեցնելու համար, սկսվեց չտեսնված վայնասուն իբր իրենք պետական անվտանգության սպառնալիք են՝ 1500 մահմեդականը կձուլի 3 միլիոն «քրիստոնյա» հայի: Որովհետև մենք թույլ ենք՝ մեր պետությունը թույլ ա, մշակույթը թույլ ա, ձգտումները ու նպատակները «մեր ձորի» մակարդակի են: Ու հենց էդ պատճառով երբ որ ռուսը ձուլում ա կովկասյան լեզվով մահմեդական լեզգուն կամ ավարցուն, թյուրքական լեզվով խոսող թաթարին, երբ վրացին տասնյակ հազարավոր հայի վրացի ա դարձրել, երբ թուրքերը նույն արել են միլիոնավոր այլ ազգերի հետ ու դարձել փոքր զավթող խմբից 21 դարի վերջին 100 միլիոն կանխատեսվող բնակչություն ունեցող ազգ ու պետություն, երբ աշխարհում թուրքական սերիալ են համարում թաթար կամ չերքեզ դերասանների թուրքալեզու նեկայացումները, մենք միայն կորցնում ենք նրանց, ովքեր մեր ազգի մասն են կամ մեզ հետ պատմական ուղի են կիսել:

 

Մենք ասորիների վրա թքած ունենք, մենք հարևան մշակույթներին նայում  ենք մեծամիտ հայացքով ու չենք հետաքրքրվում, թուրքականը, գիտեք, մեզ հարիր չէ,զիբիլ ա (դե հայը բնածին էստետ ա, դրա համար էլ Կոմիտասին էդքան շատ էլ լսում, իհարկե, ոչ թե Հայկոյին) քանի որ երբ մենք միջնադարում էս ունեինք էն ունեինք, իրենք վայրենի էին: Ու ոչինչ, որ արդյունքում մենք ունենք Սպիտակցի Հայկո, այլ ոչ իրենք՝ շարական երգող: Մենք երկու կիլոմետրանոց ճառեր ենք արտասանում «գիտես հայերը ո՞վ են ապէէէէ» ու հետո երկու ամիս Ռուսաստան ապրելով ուրիշ հայի հետ ամաչում հայերեն խոսել, որովհետև կեղծավոր ենք ու կոմպլեքսավորված: Ու հենց այս պատճառով մենք անգամ երբ մեր հիվանդության ախտանիշները թաքցվում են ու փոխարենը ինչ-որ գավառական հակամարտություն է սկսվում, չենք հասկանում, որ դա մեր սեփական գերեզմանի փոս փորելն է ու որ մենք իրավունք չունենք դառնալ նման գաճաճ, որ եթե նույնիսկ մեր մեջ լիովին տարբեր ազգեր ու մշակույթներ լինեն՝ մենք դրանց պետք է դրական նայենք, որովհետև դա մեր ուժի ցուցանիշ է ու ապագայի երաշխիք: Եթե Հայաստանում ինչ-որ պատճառներով հայախոս թուրքերի խումբ լիներ ու մենք կարողանայինք ձուլել ու հայ դարձնել այդ խումբը՝ դա հայկական պետականության հզորության ու մշակույթի գրավիչ լինելու ցուցանիշ կլիներ: Եթե ուրիշ մշակույթը մենք կարողանայինք մերը դարձնել ու զարգացնել՝ դա ևս մեր մշակույթի հզորության ցուցանիշ կլիներ:

 

Բայց մենք մեզ ներսից ենք ուտում, որովհետև թույլ ենք ու աղանդավոր ու էդ նեղ սահմաններից այն կողմ ոչինչ չենք տեսնում: Ու ցանկացած քարոզիչ որ այդ աղանդավոր մտածելակերպը մեր մեջ ամրապնդում է իբր իսկական հայկական արժեքների, մշակույթի, արյան կամ նման մի բանի անունից, ցանկացած քարոզիչ, ով տեղական տարբերությունների մեջ ինչ-որ պարանոյիկ դավադրություն է փնտրում, ցանկացած խոսակցություն որ մենք բոլորը հայ ենք, դրա համար պետք ա միատարր լինենք, Կոմիտաս լսենք, չհասկանալով, որ այդ տարբերությունները հզոր ազգայինին ոչ մի վտանգ չեն ներկայացնում ու խնդիրը հենց այդ ընդհանուր հայեցակարգի բացակայության մեջ է՝ դրանով ինքը թուլացնում ու աֆղանստանացնում է Հայաստանը ու դարձնում է հայ ազգը իսկապես մեծ ու հզոր անցյալով, երբեմն ավելի լայն ու մեծ ձգտումներով ու պատրաստակամությամբ այդ թվում ընդունել ուրիշը ու մարդերից, տաոխներից, կորդվացիներից, ծավդեացիներից, գուգարացինեից, կատաոններից, խալիբներից, «Մերձարաքսյան ազատ ցեղերից» մի ազգ ստեղծել ու մի երկիր՝ դրա փոխարեն նա դարձնում է հայերին գաճաճ ցեղ: Ու ինչ-որ իմաստ դրա մեջ փնտրելը կամ արդարացումը՝ դա հենց հայկականը մանրացնել, մեծ գեղի մակարդակի դարձնելն է ու անընդունելի է ինձ համար: Սա ոչ թե կոնկրետ անձերի, այլ հասարակական դաշտի խնդիր է:

 

Հեղինակ. Սամվել Մելիքսեթյան