Մենք այս հանրահավաքով ուզում ենք ասել, որ ամուր կանգնած ենք մեր հողի վրա» Փետրվարի 26-ին՝ ժամը 18.00-ին

«Միանշանակ վստահ ենք, եթե գործընթացները սկսեն ոչ հայանպաստ զարգանալ, հարյուր հազարավոր հայեր աշխարհի տարբեր անկյուններից դուրս են գալու փողոց ի պաշտպանության մեր Արցախի»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված քննարկմանը հայտարարեց «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը: Նա նշեց, որ Ազգային գվարդիան հանրահավաքի կոչ է արել. իրենք միացել են. «Եթե մտավախություն չունենք, դա չի նշանակում, որ քնած տեղներս պիտի նստենք: Քանի դեռ Արցախի խնդիրն իր վերջնական լուծումը չի գտել, մենք շարունակելու ենք և՛ հանրահավաքները, և՛ աջակցությունը հարցի կարգավորմանը: Ամենամեծ սպառնալիքը կարող է լինել այն, որ հասարակության մեջ կարող են պառակտում մտցնել այդ հարցի վերաբերյալ, ինչն անում են որոշ ուժեր: Բայց եթե միասնական լինենք, հարցը կլուծվի: Մենք Արցախի հարցի լուծումը տեսնում ենք ՀՀ-ին միացումով»:

 

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ Դավիթ Պալյանն ընթերցեց նախաձեռնության կոչը, որում ամրագրված է. «Կոչ ենք անում փետրվարի 26-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում մասնակցել հանրահավաքի: Հանրահավաքը չունի և չի կարող ունենալ քաղաքական շահեր հետապնդող դրդապատճառ: Հակված չենք մտածելու, որ հայրենի իշխանությունները հանուն ինքնանպատակ խաղաղության կարող են գնալ ապազգային քայլերի, հակառակորդի հետ հնարավոր զիջումերի կամ փոխզիջումների: Հանրահավաքը դիտարկում ենք լրացուցիչ աջակցություն պետության վարչապետին»:

 

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ Գևորգ Գուլումյանը հավաստիացրեց՝ վստահում են պետական իշխանությանը ու հավելեց. «Սակայն հասարակության որոշ անհավասարակշիռ հատվածներ տարօրինակ խաղաղության բանաձևերի մասին են խոսում, թեզեր առաջ քաշում, որոնք, հենվելով պատմության վրա, հղում անելով պատմական փորձին՝ վերջում մահ են ենթադրում՝ պետականության կորուստ: Մենք նաև պայքարում ենք նրանց դեմ: Մենք այս հանրահավաքով ուզում ենք ասել, որ ամուր կանգնած ենք մեր հողի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լուսանկարը՝

«Կամք» կազմակերպության ֆեյսբուքյան էջից 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am